Newmag հրատարակչությունն ու «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր։

Հրատարակչությունն ու բարեգործական հիմնադրամը սկսում են արցախցի հեղինակներին աջակցող համատեղ գրական մրցույթ, որի նպատակն է աջակցել արցախյան գրական ժառանգության և հեղինակների գրական գործունեության շարունակելիության ապահովմանը։

Հուշագրով Newmag-ն ու «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը սկսում են նոր մրցանակաբաշխություն արցախցի գրողների համար։ Մրցույթը հաղթած արցախցի հեղինակները հնարավորություն կունենան իրենց ստեղծագործությունները տպագրել։ Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը մրցույթը շատ կարևոր է համարում, որպեսզի արցախցի ստեղծագործողները պահպանեն իրենց ինքնությունը. «Այս նախաձեռնությունը կօգնի, որ արցախցի հեղինակները չտարրալուծվեն, չկորցնեն իրենց կապն արցախյան արմատների հետ, որովհետև օրերից մի օր նրանք վերադառնալու են և Արցախում են շարունակելու ստեղծագործել»։

Newmag ֊ն ու «Թովմասյան» հիմնադրամը միասին կստեղծեն հանձնաժողով, որի անդամները կորոշեն, թե ինչպես կանցկացվի մրցույթը, ինչպես կորոշվի, թե ովքեր են համարվելու արցախցի հեղինակներ։ Գնել Նալբանդյանն ասում է, իրենք պատկերացնում են, որ բարդ կլինի որոշել, թե ում կարելի է արցախցի հեղինակ համարել. «Մենք պատկերացնում ենք, որ արցախցի գրողները, որոնց համար հայտարարել ենք այս մրցույթը, ոչ թե պարզապես նրանք են, որ երբևէ ծնվել են Արցախում, բայց տասնամյակներ ապրում են Արցախից դուրս, այլ նրանք, որոնք վերջին տեղահանման ժամանակ ադրբեջանական ագրեսիայի պատճառով հարկադրված հեռացել են իրենց հայրենիքից»։

«Թովմասյան» հիմնադրամի տնօրեն Իննա Հովհաննիսյանն ասում է, որ քսանամյա Հիմնադրամն իր ամբողջ ներուժը կենտրոնացրել է առանցքային ոլորտներից գիտության, մշակույթի և սպորտի զարգացմանն ու աջակցմանը, քանի որ հենց այդպես կարելի է հասարակությանն ու պետությանը տեղափոխել զարգացման նոր՝ ավելի բարձր փուլ. «Հիմնադրամի կարգախոսն է՝ «Միասին մենք կարող ենք», որը նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի խոսքն է։ Newmag հրատարակչության հետ այս հուշագրով աջակցելու ենք արցախցի գրողներին, սա ևս մեկ քայլ է՝ մշակութային ժառանգության պահպանման համար»։

Newmag-ն ու «Թովմասյան» հիմնադրամի առաջին համագործակցությունը արդեն սկսվել է։ Փետրվարի 10-ին Newmag-ն ու «Թովմասյան» հիմնադրամը միասին կանցկացնեն Գրականության ու ժամանակակից արվեստների փառատոն։ Newmag Winter Fest 2024֊ը կլինի Dvin Musiq Hall-ում։ Փառատոնին կնրակայացվի միանգամից չորս հայ հեղինակների գրքեր՝ առաջնորդության, նախագծերի կառավարման, քրիստոնեական արժեքների ու չհանձնվելու մասին։ Այդ օրը կլինի մաշկի խնամքի առաջին հայկական ուղեցույց ամսագրի շնորհանդեսը։

Քանի որ փառատոնը նաև ժամանակակից արվեստների է, կլինի արտ լոկացիա։ Արտ լոկացիայում կցուցադրվեն նաև Տիգրան Ձիթողցյանի, Նուռի, Իլյա Վարդանյանի ստեղծագործությունները։ Ներսես Ավետիսյանը կներկայանա իր «Ցուրտ օր՝ դժոխքում» մոնոներկայացմամբ։ «Արհեստական բանականությունն ընդդեմ ստեղծագործողների» թեմայով պանելային քննարկում կանցկացնի Rearrange հայտնի փոդքաստի հեղինակ Նարեկ Ամիրխանյանը։

Newmag Winter Fest 2024 փառատոնը կբացի Արցախի պետական ջազ նվագախումբը։ Բեմում կլինի նաև Տավուշի թեմի «Տալույս» երգչախումբը։ Փառատոնը կփակվի մեծ համերգով։ Առաջին անգամ կանցկացվի Ավետ Բարսեղյանի հեղինակային «Սեր է ուզում» պոեզիայի և երաժշտության երեկոն։ Նրա երգերը կկատարեն Արամ MP3-ն, Սոնա Ռուբենյանը, Գոռ Սուջյանը և Մովսես Մովսիսյանը։

Նյումեգի բոլոր գրքերը փառատոնում կվաճառվեն մեծ զեղչով։ Հասույթը կտրամադրվի Newmag հրատարակչության ու «Թովմասյան» հիմնադրամի մրցույթում հաղթած արցախցի գրողներին՝ իրենց գրքերը հրատարակելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *